ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Արթնացրին էթնոսի ննջած կոդը

Արթնացրին էթնոսի ննջած կոդը
07.12.2012 | 12:03

Նոյեմբերի 29-ին իսրայելական Էյլաթ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի քսան և քսաներեք տարեկանների առաջնությունը: Հայաստանի ընտրանիներից առայժմ մրցելույթներ են ունեցել 53 ու 69 կիլոգրամ քաշայիններ Իզաբելա Յայլյանն ու Վլադիկ Կարապետյանը (քսան տարեկաններ), քսաներեք տարեկանների հետ մրցակցող Զորիկ Պողոսյանը (69 կգ):

Տասնյոթամյա Իզաբելա Յայլյանը, ով ամենակրտսերն էր մասնակիցների մեջ, երկամարտում ցույց է տվել 178 (80+98) կիլոգրամ արդյունք ու միայն անձնական քաշի փոքր-ինչ ավելի լինելու պատճառով է մեծ բրոնզը զիջել մրցակցին: Սա, եթե անկեղծ խոսենք, վատ ցուցանիշ չէ, թեպետ չի բավարարում առավելագույնի ամբիցիաներով ապրող մարզասերներիս սպասումները: Բայց դե ի՞նչ արած, օրվա ռեալությունն է այսպիսին: Այնուամենայնիվ մեր աղջնակն առանց մեդալի չի մնացել: Պոկում վարժությունում երկրորդ մոտեցման ժամանակ գլխավերևում պահված 80-կիլոգրամանոց ծանրաձողը նրան բերել է փոքր բրոնզե մեդալ: Հետաքրքրական մի փաստ. մասնակցեր Իզաբելան մինչև քսաներեք տարեկանների առաջնությանը, այս 178 կիլոգրամով կդառնար Եվրոպայի փոխչեմպիոնուհի: Ինչևէ, սա Եվրոպայի տարիքային այս խմբերի «կուրյոզներից» է, որից, սակայն, ինչպես հասկանում եք, մեզ համար ոչինչ չի փոխվում:

Արդարացնել-չարդարացնելը դնենք մի կողմ, սոսկ փաստենք, որ քսան տարեկանների մրցավեճում Վլադիկ Կարապետյանը երկամարտի 290 (130+160) կիլոգրամով հանգրվանեց ընդամենը ութերորդ հորիզոնականում: Նրա համեմատ առավել հաջողակ եղավ Զորիկ Պողոսյանը, ու եթե իրադարձությունները զարգանային մեզ համար ցանկալի հունով, նա կարող էր հավակնել և մեծ մեդալի: Համենայն դեպս, այդ մասին էին խոսում տարիքային այս խմբում 69 կգ քաշային կարգը կազմածների նախնական պատվերները: Գոհանանք, թե ոչ, մեր մարզիկը վերջնահաշվում բավարարվեց հինգերորդ տեղով (300=135+165)՝ արդյունավետ օգտագործելով ընդամենը երեք մոտեցում: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ երկու ձախողումը նրան փոքր բրոնզե մեդալ բերած հրում վարժությունից էր:
Թե ինչ կլինի մրցումների հաջորդ օրերին, մնում է լավի ակնկալիքով ապրել (քիթը չպիտի կախել՝ ռեալ հույսեր ունենք), բայց որ հայ էթնոսն ավելի ազնվաձույլ մետաղներից պատրաստված մեդալների վարժված տարր է, ապացուցեցին Ռուսաստանի Դաշնության ընտրանու կազմում հանդես եկած 69 կիլոգրամ քաշային Արմեն Ալեքյանը (քսաներեք տարեկաններ) ու 77 կիլոգրամ քաշային Ռազմիկ Հունանյանը (քսան տարեկաններ): Պոկում վարժության արծաթին (142 կգ) գումարելով հրումի ոսկին (175 կգ)՝ երկամարտի 317 կիլոգրամով Արմեն Ալեքյանը հռչակվեց աշխարհամասի չեմպիոն՝ բացելով Ռուսաստանի ընտրանու (հուսանք՝ նաև Հայաստանի հավաքականի) ոսկիների հաշվեմատյանը:
Ընթերցողի թույլտվությամբ պիտի փոքր-ինչ ավելի մանրամասն լինենք Ռազմիկ Հունանյանի պարագայում, որովհետև այս տասնութամյա երիտասարդը դրան ավելի քան արժանի է, չնայած դարձել է աշխարհամասի փոխչեմպիոն, թեպետ եթե մասնակցեր մինչև քսաներեք տարեկանների առաջնությանը, ցույց տված 335 կիլոգրամով կդառնար Եվրոպայի չեմպիոն: Եթե հիշում եք (մենք դա հանգամանալից ներկայացրել ենք), անցած տարվա աշխարհի պատանեկան առաջնությունում առաջին վարժությունից հետո ամբողջ ինը կիլոգրամով չինացի Տանգից հետ մնալու պարագայում մեր պատանյակը ֆանտաստիկ ցատկ կատարեց երկրորդ վարժությունում ու երկամարտի 288 (126+162) կիլոգրամով 69 կիլոգրամ քաշային կարգում հռչակվեց հողագնդի չեմպիոն:
Այս թվերը պատահաբար չենք հիշատակում: ՈՒշադրություն դարձրեք, թե մեկ տարվա ընթացքում որակական ինչ աճ է ունեցել այս երիտասարդը (առաջին վարժության 126-ի դիմաց՝ 150, երկրորդի 162-ի դիմաց՝ 185, երկամարտի 288-ի դիմաց՝ 335), ում Եվրոպայի այս տարվա առաջնությունում հաղթած քսանամյա Անտոնիս Մարտասիդիսը, ի դեպ, գերազանցել է ընդամենը մեկ կիլոգրամով: Գուցե հասցրել եք մոռանալ, այդ պատճառով եմ կրկին հիշեցնում Ռազմիկ Հունանյանի տարիքը՝ տասնութ, իսկ այս հասակում, գիտեք, թե մի տարին նույնիսկ ինչ է նշանակում:
Մի համեմատություն էլ անենք ու վերջ:
Կատաղի արագությամբ հասակ է առնում (այս անգամ՝ մայր հողում) 77 կիլոգրամ քաշային կարգ տեղափոխված հայթաղցի տասնյոթամյա Անդրանիկ Կարապետյանը, ով 2012 թվականի Եվրոպայի պատանեկանում մրցակցությունից դուրս էր ցույց տված 330 (154+176) կիլոգրամով, դրանք զարդարած տարիքային խմբի աշխարհի երկու ռեկորդով (պոկում վարժություն և երկամարտ): Արդ, պատկերացրեք, թե, մենք՝ ի՞նչ, աշխարհն է բերանը ջուր առած սպասելու այս երկու հայ դյուցազունների բախմանը, որոնց «տետ ա տետն» այնքան էլ սարերի հետևում չէ, ինչպես կարող ենք միամտորեն կարծել:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Հ. Գ.- Երեկ ասպարեզ պիտի մտնեին 85 կիլոգրամ քաշայինների մրցավեճին մասնակցող մեր մարզիկները: Մենք նրանց անունները չենք հիշատակում, որովհետև տեղյակ չենք, թե մրցումների մեկնելուց առաջ ինչ ու ինչ հիմունքներով են փոփոխություններ եղել մեր հավաքականում, քանի որ, ըստ նախնական ինֆորմացիայի, զորօրինակ, 77 կիլոգրամայինների մրցավեճում պիտի որ ունենայինք մասնակից, որն այդպես էլ մեջտեղում չերևաց: Ինչևէ: Հավելենք միայն, որ օպերատիվ տեղեկատվությանը կարոտ ընթերցողը մեր ութսունհինգ կիլոգրամայինների մասնակցության մասին վաղօրոք կարող է տեղեկանալ թերթի էլեկտրոնային կայքէջից, մինչև, մանրամասն վերլուծությունով, վրա հասնի երեքշաբթին:

Դիտվել է՝ 2723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ